Życzenia Świąteczne i Noworoczne od Pani Minister

Życzenia Świąteczne i Noworoczne od Pani Minister Diaspory
Armenii Hranush Hakobyan.
ՀՀ Սփյուռքի Նախարարար Հրանուշ Հակոբյանի
շնորհավորական ուղերձը։

ԿՐԱԿՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԿՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ
ՏԻԿԻՆ ԳՈՀԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ

Հարգելի՛ տիկին Խաչատրյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների առթիվ և մաղթում, որ 2018 թվականը լինի կայունության, միասնության և նորանոր նվաճումների տարի: Բոլորիս միավորում է խաղաղ և ապահով ապագա ունենալու մեր պատկերացումների իրականացման նկատմամբ հավատը։
2018 թվականը հայ ժողովրդի համար պատմական հիշողության զարթոնքի տարի է` լեցուն բուռն իրադարձություններով: Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100, ինչպես նաև քաղաքամայր Երևանի 2800-ամյակների համազգային նշումով տարին կարող է վերածվել ազգային վերազարթոնքի խորհրդանիշի:
Թող 2018 թվականին է՛լ ավելի խորանա ու ամրանա Հայրենիք-Սփյուռք գործակցությունը՝ ի նպաստ հայկական երկու պետությունների աննախընթաց վերելքի, հայրենադարձության խթանման և հայության երազանքների կատարման:
Թող Նոր Տարին խաղաղություն, բարգավաճում բերի աշխարհի բոլոր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին և առավել համախմբի բոլորին Հայոց պետության շուրջ:
Կրկին շնորհավորելով Ձեզ՝ մաղթում եմ, որ 2018 թվականը լինի առողջության, անձնական հաջողությունների և ձեռքբերումների տարի:

Հարգանքով`

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Հարգելի´ հայրենակիցներ,
Հայ դպրոցի հարգելի տնօրեններ, հոգաբարձուներ,
Սիրելի ուսուցիչներ, սաներ և ծնողներ,

Ընդունեք ՀՀ սփյուռքի նախարարության ջերմագին շնորհավորանքներն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:
Բարձր գնահատանքի է արժանի ձեր հայապահպան գործունեությունը։ Հայրենիքից հեռու գտնվելով՝ դուք ստանձնել եք առաքելություն, որը հայրենասիրության մի առանձին դրսևորում է, ազգանվեր գործունեություն։ Դյուրին չէ համաշխարհայնացման ամենակուլ այս դարում, երբ օտարացումն ու անտարբերությունը գերիշխում են, հայեցի կրթության և դաստիարակության միջոցով հայրենիքից հեռու, աշխարհի տարբեր ծայրերում մատաղ սերնդի, երիտասարդության ազգային ինքնության գիտակցության ձևավորման, Հայրենիքի նկատմամբ սեր ու պատասխանատվություն արմատավորելու պատասխանատվությունը, սեփական կյանքը նվիրաբերել նրանց հայ պահելու սուրբ գործին։ Դուք ընտրել եք այդ ուղին, և ձեզանից յուրաքանչյուրի աշխատանքի նկատմամբ երախտագիտության զգացումն անսահման է։
Նոր տարին նշանավորվում է ՀՀ և Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի 2800-ամյակներով, որոնց նվիրված բազմաթիվ միջոցառումներ են իրականացվելու Հայրենիքում և Սփյուռքում, այդ թվում՝ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը։ Սա հերթական գեղեցիկ առիթն է` ականատեսը լինելու ձեր նոր նախաձեռնությունների և համախմբվելու Մայր հողի վրա։
Կրկին շնորհավորելով` մաղթում եմ, որ 2018 թվականը լինի խաղաղության և հաջողությունների, նպատակների իրականացման տարի։ Թող Սփյուռքում հայ երեխային հայ պահելուն ուղղված ձեր նվիրական գործունեությունը շարունակական լինի` ամրապնդելով Հայրենիքի հետ կապն ու զարկը տալով նոր ազգանվեր ձեռնարկների։
Լավագույն բարեմաղթանքով՝

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ