Մեջբերումներ

Առնոլդ Թոյնբի
(Բրիտանացի պատմաբան, 1915)
«Այս բոլոր դաժանությունները կատարվել են հայերի դեմ, նույնիսկ եթե նրանք ոչինչ չեն արել, որ դրանք տեղի տան»:

Անատոլ Ֆրանս
(Ֆրանսիացի հեղինակ, 1916)
«Մարդկության պատմության մեջ չկա մի բան, որ համեմատվի ջարդերի հետ: Աբդուլ Համիդի ջարդերը չնչին են այսօրվա թուրքերի արածի համեմատությամբ»:

Ֆրիտյոֆ Նանսեն
(Նորվեգացի քաղաքական գործիչ, 1915)
Մարդկության պատմության մեջ չկա մի բան, որ իր հավասարն ունենա 1915թ. սկսված ջարդերի հետ: Աբդուլ Համիդի ջարդերը չնչին են այսօրվա թուրքերի արածի համեմատությամբ:

Ժակ դե Մորգան
(Ֆրանսիացի գիտնական, 1915)
«Արևմտահայերի տեղահանությունները ոչ այլ ինչ են, քան ազգի քողարկված ոչնչացում: Չկա մի որևէ հարուստ լեզու, որ նկարագրի այդ սարսափները»:

Վալերի Բրյուսով
(Ռուս բանաստեղծ,1917)
«Թուրքերը շարունակում են իրենց վաղեմի քաղաքականությունը: Նրանք չեն դադարի իրագործել մասսայական և չափազանց սարսափելի ջարդերը, որ նույնիսկ Լենկ Թեմուրը չէր համարձակվի անել»:

Ֆայեզ ալ Ղուսեին
(Արաբ հրապարակախոս, փաստաբան, 1917)
«Ո՞վ կարող է նկարագրել այն զգացումները, որ ականատեսն է ապրում, երբ նա մտածում է այդ հերոսական և դժբախտ ազգի մասին: Նրա քաջությունն ու ոգին զարմացնում են աշխարհին: Ազգ, որ երեկ Օսմանյան Կայսրության ամենաեռանդուն և առաջադեմ ազգերից մեկն էր, հիշողություն է դառնում»:

Ժոզեֆ Մարկվարթ
(Գերմանացի գիտնական)
«Նույնիսկ Սահմանադրության հռչակումից հետո, թուրքական քաղաքականության հիմնական լոզունգն է եղել Առանց հայերի չի լինի հայկական հարց» (1916):

Հենրի Մորգենթաու
(1913-1916 թթ. Միացյալ նահանգների դեսպանն Օսմանական Կայսրությունում, «Դեսպան Մորգենթաուի պատմությունը», 1919)
Երբ թուրքական իշխանությունները այդ տեղահանությունների կարգադրությունը տվեցին, նրանք տալիս էին ամբողջ ազգի սոսկ մահվան հրամանագիր: Նրանք սա լավ էին հասկանում, իրենց խոսկցությունների ժամանակ ոչ մի հատուկ փորձ չէին անում այդ փաստը թաքցնելու համար: Ես վստահ եմ, որ մարդկության ցեղի ամբողջ պատմությունը նման սարսափելի դրվագ չի պարունակում: Անցյալի մեծ ջարդերը և հալածանքները գրեթե աննշան են թվում, երբ համեմատվում են հայ ազգի 1915թ. չարչարանքների հետ:

Ջեյմս Բրայս
(Բրիտանացի դերկոմս, 1915, հոկտեմբերի 6, ելույթ)
Ջարդերը հետևանք էին այն քաղաքականության, որին որքան կարելի է պարզել, մի որոշ փուլում հետևում էր թուրքական կայսրությունում ներկայումս իշխանության գլուխ կանգնած անսկզբունք բախտախնդիրների ավազակախումբը: Նրանք տատանվում էին իրագործել այն, մինչև որ ըստ նրանց հարմար պահը հասավ, և այդ պահը ապրիլ ամիսն էր: Լորդերի պալատ` Հանսարդ (5-րդ ժողովածու), հատոր XIX, հոկտեմբերի 6, 1915թ.: Ցավում եմ, որ այդպիսի տեղեկությունը ինձ է հասնում շատ ժամեր անց և ցույց է տալիս, որ 800000-ը` մայիսից ոչնչացվածների հնարավոր ամբողջ թիվը, որ ազնիվ կոմսը կարծում է անհավատալի, իրոք հավանական թիվ է: Դա այն պատճառով է, որ հարուցված դատական գործերը եղել են բացարձակապես կանխորոշված և շարունակաբար:

Կոմս Վուլֆ Մետերնիչ
(Գերմանիայի դեսպանը Օսմանական Կայսրությանը, 1916, հուլիսի 10, հեռագիր Գերմանիայի կանցլերին)
Իր նպատակը իրագործելու փորձով` լուծել հայկական հարցը` բնաջնջելով հայ ազգին, թուրքական կառավարությունը մերժում է թե՛ մեր ներկայացուցիչներին, թե՛ ամերիկյան դեսպանատանը, թե՛ Պապի պատվիրակությանը, թե՛ աշնակից ուժերի սպառնալիքներին, թե՛ արևմտյան հասարակության կարծիքին` աշխարհի մեկ երրորդը ներկայացնող, որ իրեն ետ պահեն:

Թեոդոր Ռուզվելտ
(ԱՄՆ նախագահ, 1918թ. մայիսի 11,Կլեվելանդ Հոդլի Դոջին ուղղված նամակ)
…Հայկական եղեռնը պատերազմի ամենամեծ ոճիրն էր, և Թուրքիայի դեմ գործելու ձախողումը նրա մեղքերին թողություն տալն է… ձախողում, որ հիմնովին առնչվելէ թուրքական սարսափների հետ նշանակում է, որ ապագայում աշխարհի խաղաղության երաշխավորման բոլոր խոսակցությունները չար հիմարություններ են:

Հերբերտ Հուվեր
(ԱՄՆ նախագահ, Հերբերտ Հուվերի հուշերից, 1952)
Արարատ սարի և Նոյի կապը, օրինապահ քրիստոնյաների, որոնց պարբերաբար կոտորել են մահմեդական թուրքերը, և մոտ հիսուն տարի կիրակնօրյա դպրոցների կազմավորումը` նրանց տառապանքները թեթևացնելու համար- բոլորը ամփոփվում են, որ դրոշմեն Հայաստան անունը հայ մտքի դիմաց:

Ջիմի Քարթեր
(ԱՄՆ նախագահ,1978թ. մայիսի 16, Սպիտակ Տան հանդիսություն)
Ընդհանուր առմամբ աշխարհին հայտնի չէ, որ 1916 թվին նախորդող տարիներին եղել է համաձայնեցված փորձ` բնաջնջել ամբողջ հայ ժողովրդին, հավանաբար ամենամեծ ողբերգություններից մեկը, որ երբեև պատահել է որևէ ազգի հետ: Եվ չեն էլ եղել որևէ նյուրմբերգյան դատավարություններ:

Ռոնալդ Ռեգան
(ԱՄՆ նախագահ, 1981թ. ապրիլի 22, հռչակագիր)
Հոլոքոստի դասերը, որին նախորդել է հայերի ցեղասպանությունը, և որին հաջորդել է կամբոջացիների ցեղասպանությունը, երբեք չպետք է մոռացվեն:

http://www.genocide-museum.am

Ջորջ Բուշ ավագ
(ԱՄՆ նախագահ, 1990թ. ապրիլի 20, ելույթ Օրլանդոյում, Ֆլորիդա)
Մենք միանում ենք ամբողջ աշխարհի հայերին, քանի որ հիշում ենք Օսմանյան Կայսրության ղեկավարների ձեռքերով 1915 – 1923 թթ. կրած սարսափելի ջարդերը:

Ջոն Էվանս
(Հայաստանում ԱՄՆ դեսպանի հղումը ամերիկահայերին 2005թ. փետրվարի 19-ին)
«Այսօր ես կանվանեմ այն հայերի ցեղասպանություն: Կարծում եմ, որ մենք` ԱՄՆ-ի կառավարությունը, պարտական ենք ձեզ` մեր համաքաղաքացիներ, որ ավելի բացեիբաց և ազնիվ քննարկենք այս հարցը: Ես` որպես այս հարցը ուսումնասիրած անձնավորություն, կարող եմ ձեզ ասել – որևէ կասկած չունեմ, թե ինչ է եղել: Կարծում եմ, որ մեզ` ամերիկացինեիս համար անհարմար է այս դեպքում խաղալ բառերի հետ: Համոզված եմ, որ իրերն իրենց անուններով պետք է կոչել»:

Հայոց Եղեռնը

Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:

Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24 համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Ինչու՞ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը:

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:

Թեև Հայոց ցեղասպանությունը ծրագրավորվել էր դեռևս 1911-1912 թթ., երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` իրագործելով այն:

Ինչքա՞ն մարդ զոհվեց Հայոց ցեղասպանության ընթացքում:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ., իսկ մնացյալ հատվածը կամ բռնի կերպով մահմեդականացվեց, կամ ապաստանեց տարբեր երկրներում:

Ցեղասպանության իրագործման մեխանիզմը:

Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում և դրա իրագործման ներքին մեխանիզմ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:

1915թ. ապրիլի 24-ին սկսած ձերբակալությամբ (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսից) և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացմամբ, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք ավելի ուշ զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով, տեղահանությամբ դեպի սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի կողմից, մյուսները մահացան սովից, համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր մարդիկ բռնի մահմեդականացվեցին:

Վերջապես, Հայոց ցեղասպանության վերջին փուլը` թուրքական կառավարության մասսայական տեղահանությունների և հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործված բնաջնջման համընդհանուր և բացարձակ ժխտումն է: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակվող գործընթացին` Թուրքիան շարունակում է ամեն կերպ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում` պատմության նենգափոխում, քարոզչական միջոցներ, լոբբի և այլն:

http://www.genocide-museum.am

ՈՐԴՈՒՍ

Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալի՛կս, կմեծանաս,
Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս,
Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին,
Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին:
Ինքս էլ խրատ կարդացողին ո՛չ հարգում եմ, ո՛չ հանդուրժում,
Տափակ թե սուր քարոզներից ինքս էլ եմ միշտ, տղա՛ս, խորշում:

Ու թե հիմա, իմ բալի՛կս, ես քո գլխին ճառ եմ կարդում,
Ապա միայն նրա համար, որ շատ հաճախ կյանքում մարդու
Եթե իր մեծ բաժինն ունի ժամանակը, ինքը դարը,
Բայց և այնպես քիչ չի ազդում նաև ընտրած ճանապարհը:
Գուցե քեզ հետ նույնը լինի, որ պատել է հաճախ ինձ է՛լ.
Հաճախ շուրջս աչք ածելով, այն մարդկանց եմ ես նախանձել,

Որոնց կյանքը հեշտ է անցնում – ասես կյա՜նք չէ, այլ խճուղի`
Անխոչընդո՜տ և անարգելք, քանոնի պես հա՜րթ ու ուղիղ.
Դպրոց, հետո ինչ-որ մի ԲՈՒՀ, մի ազդեցիկ զանգահարող,–
Եվ տաք տեղն է ապահովված…
Այդպես ապրել դու չե՜ս կարող:
Չէի ուզի, որ քո կյանքը հարթ խճուղու նման լիներ:
Դու մի՛ անցիր ասֆալտ ճամփով, գերադասի՛ր ճամփա շինել:
*
Դու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի՛ տա տառապանքից.
Նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից:
Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում,–
Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում:
Ա՜խ, մի՛ նվա: Հայրդ երբեք չի հանդուրժում նվացողին…
Շատ ավելի լավ է, տղա՛ս, դառն արցունքով աչքըդ ցողիր
Ու քո ճամփան շարունակիր: Թո՛ղ որ լինի նա քարքարոտ,
Բայց քո հոգում եթե լինի բարո՛ւ, լավի՛, սիրո՛ կարոտ,
Դու չե՜ս հոգնի, դու կքայլես. կբարձրանաս դու սարն ի վեր:
Դրա համար ոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր:
*
Ազնի՛վ եղիր ամեն ինչում – ո՞վ է կայնքում սովից մեռել:
Ճշտի համար աքսոր չկա – ստի հանդեպ ինչու լռել:
Իսկ մեր շուրջը դեռ կան մարդիկ, որ երբ պետք է, մեջք են ծռում,
Երբ որ պետք է, հռհռում են, պե՞տք է` ժպտո՛ւմ, պե՞տք է` լռո՛ւմ,
Պե՞տք է` իրենց մատն են տնկում… Դու մի՛ եղիր կյանքում տհաս`
Դու հասկացի՛ր հենց այս գլխից, մի՛ մոռացիր երբեք, տղա՛ս.
Ազնըվությունն այն է միայն, որ չի փոխվում` ոնց էլ խուռ տաս,–
Նա մի ճերմակ երես ունի, ոչ թե յոթ-ութ գունեղ աստառ…
*
Մի՛ տրտնջա: Դու հիշո՞ւմ ես. «Ձախորդ օրեր… կուգան-կերթան»…
Մի՛ տրտնջա: Եթե լավից ետ ես ընկել` ինքդ հասիր…
Մի՛ տրտնջա, բայց և կյանքը գրքի նման դու մի՛ կարդա,
Գրքի նման` քեզնից հեռու, ինչ-որ օտար մարդկանց մասին…
Հպա՛րտ եղիր, բայց ոչ գոռոզ (դատարկ մարդն է գոռոզանում,
Հայրդ խելոք ու տխմարին դրանով էր զանազանում):
Հորդ նման հպա՛րտ զգա, որ ոչ մեկի տուն չես քանդել,
Ոչ մի ազնիվ խոսք չես կտրել, ոչ մի ազնիվ միտք չես բանտել,
Որ շիտակ ես քայլել կյանքում և լռել ես եթե հաճախ,
Ապա միայն նրա համար, որ առևտուրը մանարծախ
Հաճախ միայն զիզի-բիզի զանգուլակ է նետել շուկա,
Իսկ դու զուրկ ես զիզի-բիզուց, կեղծ դրամ էլ մոտըդ չկա…
*Դու փոքր ես դեռ, դեռ չգիտես, թե ոնց պիտի կյանքին նայել:
Դու փոքր ես դեռ: Երբ մեծանաս, դառնաս արդեն հասուն ջահել,
Խորհուրդներն իմ և՛ հնացած, և՛ ավելորդ թվան գուցե –
Կյանքում այնժամ էլ չլինեն նման բացեր, նման խոցեր:
Է՛հ, տա Աստված: Ես էլ կյանքում ուրիշ ոչինչ չեմ երազում
(Կույրը, տղա՛ս, ինչպես գիտես, երկու աչք է միայն ուզում):
Խորհուրդներն իմ թող հնանան… Ծաղիկն է լոկ այդպես մեռնում,
Երբ ամռանը ծառի վրա հասուն միրգ է արդեն դառնում:
Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ,
Հանուն վաղվա ճշմատության թող որ այսօր լինեմ սխալ…

Պարույր Սևակ


Ավետումն Սբ. Աստվածածնի

«Օրհնեալ ես դու ի կանայս,
եւ օրհնեալ է պտուղ որովայնի քո»:
(Ղուկ. Ա 42-43)

Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը:
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:
Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:
«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է… Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: … Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33):
Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել: Սակայն, իմանալով իրողությունն, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…» (Ղուկ. Ա:38):
Սա է Ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը:

Ապրիլի 7-ի Օրվա խորհուրդ

Ի՞նչ էր սա: Միայն ավետի՞ս, որը տրվեց Մարիամին, թե՞ ավելին: Միանշանակ՝ ավելին, քանզի այն տրվեց ոչ միայն Ս. Մարիամին, այլև համայն մարդկությանը: Մարիամի մայրանալով մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի բացահայտվեց, և այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Աննկարագրելի և անբացատրելի է այն իրողությունը, երբ կինը շուրջ ինն ամիս իր սրտի տակ կրում է իր նմանին: Երբ մեկ մարմնի մեջ բաբախում են երկու կամ երբեմն ավելի սրտեր: Ինչպես Աստվածածինն ավելի մոտ դարձավ Աստծուն, նույնպես և բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին` նմանվելով Նրան` իբրև նոր կյանք պարգևող էակներ:
Մեզ համար «մայր» հասկացությունը մշտապես նվիրական է եղել: Հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր Եկեղեցին կոչում ենք Մայր եկեղեցի, լեզուն` մայրենի, և կարևորագույն քաղաքը կոչում ենք մայրաքաղաք:
Զավակը, երբ լույս աշխարհ է գալիս, առաջինը գգվում է իր մոր կրծքին: Առաջին անգամ հագենում է իր մոր կաթով և մշտապես ապահով է զգում մոր գրկին: Նույնպես և մենք: Մեր Մայր եկեղեցուց ստանում ենք մեր հոգևոր ծնունդը: Սնունդ ենք առնում և ապահով ենք զգում մեր Մայր հայրենիքում: Մեր Մայր լեզուն է, որ զորացնում է մեր միտքն ու բանականությունը:
Մենք պետք է նաև հասկանանք, որ ապրիլի 7-ը ոչ միայն օր է, երբ տոնվում է Ս. Աստվածածնի Ավետումը, որի ընթացքում մենք նվերներ ենք ընծայում կանանց և մայրերին, այլև խորհուրդ, որ մշտապես պետք է կրենք մեր մեջ: Մեզ համար յուրաքանչյուր օր պետք է լինի ավետման օր: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք ապրել Ավետման խորհուրդը: Այսօր ուրախանում ենք, երբ մեզանում ավելանում են երեխաների ծնունդները, սակայն ուշադրություն չենք դարձնում այն փաստին, որ հազարավոր երեխաներ իրենց կյանքը շարունակում են մանկատներում: Մեր ընտանիքներին և զավակներին առանձնակի ջերմությամբ և գուրգուրանքով ենք շրջապատում և չենք էլ հիշում, որ կան հազարավորներ, ովքեր զուրկ են օթևանից, ծնողական քնքշանքից: Մեզ համար տոն է ապրիլի 7-ը: Մենք այն հռչակել ենք մայրության և գեղեցկության տոն, սակայն անհոգ ենք այն սոսկալի փաստին, երբ կանայք արհեստականորեն զրկում են իրենց մայր դառնալու աստվածատուր շնորհից: Ինչի՞ համար է այս տոնը: Զուտ ուրախանալո՞ւ, նվերներ բաշխելո՞ւ: Այդ ամենը պետք է լինի: Սակայն մենք չպետք է մոռանանք, որ Փրկիչը մեզ պատգամեց նաև հետևյալ խոսքերը. «Սիրեցէ՛ք զմիմեանս»: Եվ Աստված Իր Միածին Որդուն մարդկանց համար բացահայտեց Աստվածածնի Ավետման միջոցով:
Թո՛ղ աստվածային օրհնությունը հարատև լինի հայ ընտանիքներում, և թո՛ղ Աստված Իր Ամենակարող Աջի հովանու ներքո պահի բոլոր մայրերին և զավակներին:

http://www.araratian-tem.am

ԱՅՍՕՐ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՄԱՆ և ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆՆ Է

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Մարիամ Աստվածածնի ավետման տոնը: Ամենայն Հայոց կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:

Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:

Ամենայն Հայոց կաթողիկոսը օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:

«Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում տիկնանց և օրիորդաց Սուրբ Աստվածածնի ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առիթով: Ավետման տոնը առ Աստված փառաբանության և Բարձյալի ամենազոր կամքին Սուրբ Կույսի օրինակով հնազանդվելու լուսավոր խորհուրդն է կրում, ով իր մաքուր հավատի, համեստության ու խոնարհության շնորհիվ դարձավ Տիրոջ շնորհընկալը և օրհնյալ համարվեց կանանց մեջ: Մեր մաղթանքն է, որ Սուրբ Կույսի պայծառ կերպարը միշտ ներշնչման աղբյուր և օրինակ լինի մեր մայրերի, քույրերի ու դուստրերի համար, որպեսզի ջերմ հավատքով ապրեն իրենց կյանքը և նվիրումով, ազնիվ ու բարի գործերի օրհնությամբ լցնեն իրենց ընտանեկան հարկերը և հոգևոր ու ազգային մեր կյանքը: Բոլոր տիկնանց ու օրիորդաց համար հայցում ենք գթառատ բարեխոսությունը Սուրբ Տիրամոր, որ նրա Որդու և մեր Տիրոջ օրհնության ներքո ապրեն խաղաղության մեջ, քաջառողջ, բարօր ու երջանիկ: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհներն ու սերը թող լինեն ամենքիդ հետ. Ամեն»,-ասված է կաթողիկոսի ուղերձում: