10.02.2013 Բուն Բարեկենդանի տոնն է

Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:

Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի 40-օրյա ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն՝ մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18):

Մեր Տերը սովորեցնում է, թե ինչ ոգով է պետք այն կատարել: Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավվում է, այլ Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարևոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու: Մեծ Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3):

Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան՝ Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Ժողովրդական սովորության համաձայն՝ Մեծ Պահքի կիսվելու` Միջինքի օրը, բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Սովորության համաձայն՝ բաժին հասնող մետաղադրամը հաջողություն է բերում:Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:

Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է: Ինչ է պահքը? Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման, սակայն ճոխ ու համադամ ուտելիքից` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացից շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:
Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար: Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում.< <ՙՄեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել>>: Այս պարագային կարևոր է նաև մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող մեր եղբայրակցին դատելու. < <Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է>> (Հռոմ.14:3):
Պահքի կարևորությունը առավել հարազատորեն ըմբռնելու համար պիտի ընդգծենք այն հանգամանքը, որ այն օրինադրվել է դեռևս դրախտում, և Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. < <Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկահացու կդառնաք>> (Ծննդ.2:16-17):
Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել դրանք, որով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:
Պահքերի (բացառությամբ օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են < <բարեկենդան>>, իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված < <բարեկենդան>> անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական և ճոխ ուտելիք գործածելու վերջին օրն է: Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման և խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը և Աստծո տեսությունից զրկվելը: Հենց սա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը և Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը: Երրորդ կիրակին կոչվում է Անառակի և մատնանշում է առ Աստված դառնալու և կորուսյալ դրախտը գտնելու կարեվորագույն նախապայմանը` ապաշխարանքը: Չորորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատև աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Վերջին` Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես Ա Գալստյան խորհուրդը, այնպես էլ Երկրորդ գալստյան խոստումը:
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս.Զատիկը:

http://araratian-tem.am/holdetails.php?id=1753

Այսօր Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրն է

Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր

451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը եւ լինելիության իրավունքը: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին: Հովսեփ կաթողիկոսի եւ Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ: Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սբ. Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին: «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին. Եվ առավոտյան Սբ. հաղորդություն ընդունեցին», – գրում է Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին: Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ:

http://araratian-tem.am/holdetails.php?id=1745

ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ

 ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ

Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը`
Ի՜նչ նազանքով ,
Երազանքո՜վ՜:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ,
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը`
Որդին կռվից դառնա տունը:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը` ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած…
Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը…
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը`
Նուրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:

…Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնած, սնած,
Մեզ աշխարհում շահած, պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող, լվացք անող,
Անվերջ դատող, անվերջ բանող
Ա’յս ձեռքերը`
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
Խա՜ս ձեռքերը…

Պարույր Սևակ

ՔԻՉ ԵՆՔ‚ ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում։
Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե˜նք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում։
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել։
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել։
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ‚ եւ թռչուն՝ կավից‚
Ուսուցմա՛ն համար եւ աշակերտե˜լ
եղեցկի՛ն‚
Բարու՛ն‚
Վսեմի՛ն‚
Լավի˜ն…
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում
Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚-
Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել.
Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚
Երբ եղել ենք շատ
Ու եղել կանգուն‚
Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚
Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։
Եթե գերել ենք՝
Լոկ մեր գրքերով.
Եթե տիրել ենք՝
Լոկ մեր ձիրքերով…
Պարզապես մահն է մեզ սիրահարվել‚
Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել։
Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝
Ու˜ր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚
Ջանացել ենք մենք ամենքի՛ համար.
Շինել ենք կամուրջ‚
Կապել ենք կամար‚
Ամե˜ն տեղ հերկել‚
Հասցրել բերքեր‚
Ամենքի˜ ն տվել մի՛տք‚ առա՛ծ‚ երգե՛ ր՝
Պաշտպանել նրանց հոգեւոր ցրտից‚-
Ամե˜ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚
Մեր հոգուց՝ մասունք‚
Եւ նշխար՝ սրտից…

Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ –
գիտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚
Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել.
գիտենք թշնամու կողը մխրճվել
Ու բարեկամին դառնալ աջակից.
Դուրս գալ մեզ արված բարության տակից՝
Մեկի փոխարեն տասն հատուցելով…
Հօգուտ արդարի եւ արեգակի
գիտենք քվեարկել մեր կյանքով նաեւ…
Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝
Մենք գիտենք մխա՛լ – եւ կրա˜կ մարել.
Իսկ եթե պետք է խավարը ցրել՝
գիտենք մոխրանալ որպես վառ կերոն.
Եւ գիտենք նաեւ մեզ կրքոտ սիրել‚
Բայց ուրիշներին մի˜շտ էլ հարգելով…

Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
Բայց մեզ էլ գիտենք –
Մեզ հայ են ասում։
Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք…
Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ – շատանա˜նք։