Այսօր Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրն է

Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր

451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը եւ լինելիության իրավունքը: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին: Հովսեփ կաթողիկոսի եւ Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ: Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սբ. Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին: «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին. Եվ առավոտյան Սբ. հաղորդություն ընդունեցին», – գրում է Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին: Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ:

http://araratian-tem.am/holdetails.php?id=1745

ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ

 ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ

Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը`
Ի՜նչ նազանքով ,
Երազանքո՜վ՜:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ,
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը`
Որդին կռվից դառնա տունը:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը` ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած…
Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը…
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը`
Նուրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:

…Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնած, սնած,
Մեզ աշխարհում շահած, պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող, լվացք անող,
Անվերջ դատող, անվերջ բանող
Ա’յս ձեռքերը`
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
Խա՜ս ձեռքերը…

Պարույր Սևակ

ՔԻՉ ԵՆՔ‚ ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում։
Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե˜նք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում։
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել։
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել։
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ‚ եւ թռչուն՝ կավից‚
Ուսուցմա՛ն համար եւ աշակերտե˜լ
եղեցկի՛ն‚
Բարու՛ն‚
Վսեմի՛ն‚
Լավի˜ն…
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում
Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚-
Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել.
Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚
Երբ եղել ենք շատ
Ու եղել կանգուն‚
Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚
Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։
Եթե գերել ենք՝
Լոկ մեր գրքերով.
Եթե տիրել ենք՝
Լոկ մեր ձիրքերով…
Պարզապես մահն է մեզ սիրահարվել‚
Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել։
Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝
Ու˜ր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚
Ջանացել ենք մենք ամենքի՛ համար.
Շինել ենք կամուրջ‚
Կապել ենք կամար‚
Ամե˜ն տեղ հերկել‚
Հասցրել բերքեր‚
Ամենքի˜ ն տվել մի՛տք‚ առա՛ծ‚ երգե՛ ր՝
Պաշտպանել նրանց հոգեւոր ցրտից‚-
Ամե˜ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚
Մեր հոգուց՝ մասունք‚
Եւ նշխար՝ սրտից…

Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ –
գիտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚
Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել.
գիտենք թշնամու կողը մխրճվել
Ու բարեկամին դառնալ աջակից.
Դուրս գալ մեզ արված բարության տակից՝
Մեկի փոխարեն տասն հատուցելով…
Հօգուտ արդարի եւ արեգակի
գիտենք քվեարկել մեր կյանքով նաեւ…
Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝
Մենք գիտենք մխա՛լ – եւ կրա˜կ մարել.
Իսկ եթե պետք է խավարը ցրել՝
գիտենք մոխրանալ որպես վառ կերոն.
Եւ գիտենք նաեւ մեզ կրքոտ սիրել‚
Բայց ուրիշներին մի˜շտ էլ հարգելով…

Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
Բայց մեզ էլ գիտենք –
Մեզ հայ են ասում։
Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք…
Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ – շատանա˜նք։

1 8 9 10 11