Ծիտը

Լինում    է, չի    լինում    մի    ծիտ:
Մի    անգամ    էս    ծտի    ոտը    փուշ    է    մտնում: Դես    է    թռչում, դեն    է    թռչում, տեսնում    է` մի    պառավ    փետի    է    ման    գալի, թոնիր    վառի, հաց    թխի: Ասում    է.
— Նանի    ջան, նանի, ոտիս    փուշը    հանի, թոնիրդ    վառի, ես    էլ    գնամ    քուջուջ    անեմ, գլուխս    պահեմ:
Պառավը    փուշը    հանում    է, թոնիրը    վառում:
Ծիտը    գնում    է, ետ    գալի, թե` իմ    փուշը    ետ    տուր    ինձ:
Պառավն    ասում    է.
— Փուշը    թոնիրն    եմ    գցել:
Ծիտը    կանգնում    է, թե`
— Իմ    փուշը    տուր, թե    չէ    դես    թռչեմ, դեն    թռչեմ, լոշիկդ    առնեմ, դուրս    կթռչեմ:
Պառավը    մի    լոշ    է    տալի: Ծիտը    լոշն    առնում    է    թռչում:
Գնում    է    տեսնում` մի    հովիվ    անհաց    կաթն    է    ուտում: Ասում    է.
— Հովիվ    ախպեր, կաթն    ինչո՞ւ    ես    անհաց    ուտում: Ա՛յ    լոշը    ա՜ռ, կաթնի    մեջ    բրդի՜, կե՜ր, ես    էլ    գնամ    քուջուջ    անեմ, գլուխս    պահեմ:
Գնում    է, ետ    գալի, թե` լոշս    տուր:
Հովիվն    ասում    է.
— Կերա:
— Չէ՛, — ասում    է, — իմ    լոշը    տուր, թե    չէ    դես    թռչեմ, դեն    թռչեմ, գառնիկդ    առնեմ, դուրս    թռչեմ:
Հովիվը    ճարահատած    մի    գառն    է    տալի: Առնում    է    թռչում:
Գնում    է    տեսնում` մի    տեղ    հարսանիք    են    անում, մսացու    չունեն, որ    մորթեն:
Ասում    է. — Ի՞նչ    եք    մոլորել: Ա՜յ, իմ    գառն    առեք, մորթեցեք, քեֆ    արեք: Ես    էլ    գնամ    քուջուջ    անեմ, գլուխս    պահեմ:
Գնում    է, ետ    գալի, թե` իմ    գառը    տվեք:
Ասում    են. — Մորթել    ենք    կերել, ո՞րտեղից    տանք:
Նա    կանգնում    է, թե` չէ, իմ    գառը    տալիս    եք` տվեք, թե    չէ` դես    թռչեմ, դեն    թռչեմ, հարսին    առնեմ, դուրս    թռչեմ:
Ու    հարսին    առնում    է    թոչում:
Գնում    է, գնում. գնում    է    տեսնում` մի    աշուղ    մի    ճամփով    գնում    է:
Ասում    է. — Աշուղ    ախպեր, առ    էս    հարսին    պահի    քեզ    մոտ: Ես    էլ    գնամ    քուջուջ    անեմ, գլուխս    պահեմ:
Գնում    է, ետ    գալի    աշուղի    առաջը    կտրում, թե` իմ    հարսը    ինձ    տուր:
Աշուղը    ասում    է. — Հարսը    գնաց    իրենց    տուն:
Սա    թե` չէ, իմ    հարսը    տուր, թե    չէ` դես    թռչեմ, դեն    թռչեմ, սազիկդ    առնեմ    դուրս    թռչեմ:
Աշուղը    սազը    տալիս    է    իրեն:
Սազն    առնում    է, ուսը    գցում, թռչում, մի    տեղ    նստում    է, սկսում    է    ածել    ու    ճըտվըտալով    երգել.
Ծընգլը, մընգլը,
Փուշիկ    տվի, լոշիկ    առա,
Լոշիկ    տվի, գառնիկ    առա,
Գառնիկ    տվի, հարսիկ    առա,
Հարսիկ    տվի, սագիկ    առա,
Սագիկ    առա, աշուղ    դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծի՛վ, ծի՛վ:
Մին    էլ    հանկարծ    սազը    վեր    ընկավ    ջարդվեց, ծիտը    թռավ    գնաց, հեքիաթն    էլ    վերջացավ: