Տեառնընդառաջ: Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն

Տերունի տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:
Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և սբ. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար: Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբոր նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը, Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սբ. Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, արդեն մի քանի տարի է, ինչ Տեառնընդառաջի պատարագից հետո հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Եթե Տեառնընդառաջի օրը համընկնում է Մեծ Պահքի շրջանին, ապա բացվում են եկեղեցիների Սբ. խորանների վարագույրները, մատուցվում բաց Պատարագ:

http://araratian-tem.am/holdetails.php?id=1765