«ՎԱՅ, ՄԱՄԱ ՋԱՆ». ԱԿԱՆՋՆԵՐԻՍ ՄԵՋ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀՆՉԵԼ ՄԱՅՐԱՑՈՂ ԹՈՒՐՔ ԿՆՈՋ ՁԱՅՆԸ

Ուղիղ 26 տարի առաջ «Բակունց-Կամարի» երթուղու ավտոբուսով հիվանդանոց էի գնում` ցելոֆանի մեջ մեղր, շաքար, անձեռոցիկ ու մի քանի շոր դասդասած: Տանեցիք շատ տխուր պատճառով քաղաքում չէին, իսկ տաքսի նստելն էլ, վայ թե, էդ ժամանակներում մոդայիկ չէր: Որքան հիշում եմ, անգամ մի քանի ծանոթներիս համար տոմս ստացա. որովհետեւ չէի ուզում նկատեին, թե ոնց է ցավից դեմքս ծռմռվում:

Հիվանդանոցի բակում վիրաբույժ Յուրիկին հանդիպեցի, ով հորս սանիկն էր, նա էլ ոտքից գլուխ չափեց ինձ ու քթի տակ քրթմնջաց.«Էդ հալիդ ինչի ես տնից դուրս եկել»: Երբ ասացի, որ երեխա պիտի ունենամ, մտածեց, թե կատակում եմ, ձեռքն օդում թափ տվեց, ու արդեն հեռվից լսեցի նրա ձայնը. «Եքա կնիկ ես, շաշ-շաշ խոսում ես»: Մենակ դոկտր Սեդան հավատաց, հույս տվեց ու նաեւ ուղեկցեց հիվանդասենյակ: Առաջին բանը, որ նկատեցի, կիսակեղտոտ լվացարանի «թամբին» դրված հայելու մի կտոր էր, որի մեջ ամենանրբիկ կինն անգամ հազիվ կարող էր մի աչքը տեղավորել:

Մինչ ես շուրջ բոլորը զննում էի, պատուհանի տակ դրված անկողնում պառկած կինն աղիողորմ տնքում էր.«Վայ, մամա ջան»: Այն մտքից հանգստացած, որ ավտոբուսի մեջ խայտառակ չեմ եղել, թևավորված, սկսեցի հանգստացնել կնոջը` իմացածս մխիթարական բոլոր բառերը շարելով իրար հետեւից: Կինը, սակայն, ոչ միայն չէր արձագանքում, այլեւ անգամ չշրջվեց իմ կողմը: Մի քայլ արեցի, որ մոտենամ, բայց նա գլխին քաշեց ծածկոցն ու շարունակեց մրմնջալ. վայ, մամա:

Ես կարծես, թե մոռացել էի, որ նույն կարգավիճակում եմ, շարունակում էի միջոց փնտրել հանգստացնելու համար: Գյուտ արած մարդու նման սկսեցի համոզել, որ հիվանդանոցի այս բաժանմունքն ամենաերանելիներից մեկն է, որ շատ կանայք կան, ովքեր երազում են այս ցավերը կրելու համար, որ ուղղակի համբերել է պետք:

Կինը, սակայն, ինձ չէր լսում, ուշադրություն չէր դարձնում. գոնե հակառակվեր, որովհետեւ մեկը լիներ, այդ պահին ինձ հուսադրեր: Մի քիչ համարձակություն հավաքեցի, ոտքերիս ծայրի վրա բարձրանալով փորձեցի ծածկոցի մեջ կնոջ դեմքը որսալ. միայն սև, խիտ գեղեցիկ հոնքերը նկատեցի ու մեկ էլ, որ բարձն ամբողջովին թրջվել էր արցունքից: Ձեռքս զգույշ պարզեցի, փորձելով դեմքի վրայից քաշել մազերը: Մխիթարանքի հերթական «դասախոսությունը» կարդացի, բայց նա այնքան ատելությամբ հայացքը պարզեց ինձ, որ միանգամից հետ քաշվեցի, ու մինչ կտեղավորվեի իմ անկողնում, լվացարանի կողքից վերցրի հայելին, պայուսակիս մի անկյունից հանեցի հոնքերի ունելին. ոնց էլ սիրտ էր ունեցել հոնքերը հարդարելու, հարեւանուհուս մասին մտածելով, ես էլ գործի անցա: Մի քանի րոպե լռություն տիրեց: Մտածեցի, որ քնած է: Միջանցքում շարունակ ոտնաձայներ էին լսվում, ավելի հեռվից` երեխայի ձայն: Դռան արանքում սպիտակ մի խալաթավոր երեւաց, տեսնելով, որ ծպուտ չենք հանում, նորից դուրս եկավ, հետեւից շրխկացնելով դուռն այնպես, որ կինը վեր թռավ պառկած տեղից. «Մի վախեցի, բուժքույրն էր» ինքնակոչ գթառատ քրոջ նման հանգստացրի ես ու չսպասելով պատասխանի, շարունակեցի «Առաջինն է՞»: Այս անգամ արդեն հայացքը պարզեց դեպի ինձ: Ես դրանից ոգեւորված շարունակեցի հարցաքննել. «Տղայի ես սպասում, թե աղջկա»: Էլի համբերությունս չհերիքեց, որ պատասխանը լսեմ, վրա տվի, «Ես մի աղջիկ ունեմ, լավ կլիներ, որ տղա ծնվեր, բայց աղջկանից էլ դժգոհ չեմ լինի, միայն թե առողջ բալիկ լինի, հետո անխիղճի նման ճառս երկարեց. որ տղա ունենամ, անունը Թաթուլ կդնեմ, եթե աղջիկ…»:

Սենյակում արդեն մութ էր, բայց լույսը վառելու մասին չէի մտածում, քանի զրուցակիցս դեմքով դեպի ինձ էր շրջված, ես առանց դադար առնելու խոսում էի ու արդեն չգիտեմ, ինքս ինձ համար, թե` նրա հետ էի զրուցում: Մեկ էլ հանկարծ կիսախավարի մեջ կնոջ ծղրտոց լսվեց. բառեր, երեւի նաեւ նախադասություններ, որոնցից ոչինչ չէի հասկանում: Դերերը փոխվել էին, նա ծնկների վրա հենվել էր անկողնու վրա եւ վախենալու չափ բարձր բղավում էր: Շոշափելով հազիվ տեղը գտա, լույսը վառեցի եւ համարյա սարսափեցի. կինը, ասես մոռացած քիչ առաջվա ցավերը, ձեռքը պարզած դեպի իմ կողմը, խոսում էր, չէր խոսում է~, ասես դատավճիռ կարդար:

Այնքան էի շփոթվել, որ ասածներից ոչինչ չէի հասկանում, մինչև որ, մի քիչ քաջություն հավաքելով, գլխի ընկա, որ կինը….ադրբեջաներեն էր խոսում: Ճիշտ այն լեզվով, որով մեր գյուղի ջրաղացում ցորեն աղալու համար ծնողներիս տանը մշտապես հյուրընկալվող Սաբիրը, ով ամեն անգամ տատիս խնդրում էր մեր փոքրացած շորերն իրեն տա ու հետո էլ արդարանալու համար ասում, թե մեր տանն ինչ կա` իրեն պետք է: Նաեւ «Լաչին» թերթի լրագրողների նման էր խոսում, որոնց ռայկոմի հանձնարարությամբ ամիսը մեկ հյուրընկալվում էինք, որ համատեղ համար հրատարակեինք: Գորիսի շուկայում ազատ առեւտուր անող Գյուլնարա խանումի նման էր խոսում, որի մասին ասում էին, թե թաքուն զենք է պահում ու աչքն էլ հայ տղերքից չի հեռացնում: Կուբաթլիի պահեստապետ Յայայի նման էր խոսում, որի պահեստում, չգիտես ինչու, միշտ շատ ավելի լավ ապրանքներ էին լինում, քան Գորիսի խանութներում ու, մանավանդ կոլխոզի նախագահներն ամենալավ կոստյումները հենց այնտեղից էին առնում, կանանց համար էլ մի մի կրեմպլինի շորացու: Անգամ Զեյնաբի նման էր խոսում, որի երգերի ձայնագրությունները հայկական ռադիոյից հաճախ էին հնչում:

Ասածներից ոչինչ չէի հասկանում, բայց բնազդով զգում էի, որ զայրացած էր : Ամենազարմանալին այդ պահին այն էր, թե ինչպես էր, որ նա ցավերի մեջ «Վայ մամա ջան էր» կանչում: Իրավիճակը փրկեց մանկաբարձուհին` նրան պալատից դուրս տանելով: Քիչ է ասել, վախեցած էի. ասես մոռացել էի, թե որտեղ եմ: Շուտով ցավը հաղթեց ներքին տագնապիս, ու լուսաբացին արդեն մոռացել էի հարեւանուհուս էլ, վախն էլ, ցավն էլ…

Առավոտ վաղ արթնացա բոլորովին այլ տրամադրությամբ: Անհասկանալի զգացում էր պատել: Հայացքով զննեցի շուրջս. սենյակում ամեն ինչ այնպես էր, ինչպես երեկ: Անգամ կողքի մահճակալին պառկած երեկվա կնոջ ներկայությունը փորձում էի չնկատել: Վերջապես նորածինների մանկասայլակը հրելով հանդիսավոր քայլերով ներս մտավ բուժքույրը: Բարեմաղթանքի խոսքեր ասելով, նա փոքրիկներից յուրաքանչյուրին տեղավորեց իր մայրիկի անկողնում ու հայտարարեց, որ նրանց կերակրելու ժամանակն է: Կես ժամ անց մտքիս մեջ աղոթում էի, որ բուժքույրը մի քիչ էլ ուշանա: Հանկարծ մահճակալիս մոտ կամաց քայլերի ձայն լսեցի: Մի տեսակ սսկվեցի. Բարուրն ավելի ամուր գրկեցի: Լռության մեջ միայն չորսիս շնչառությունն էր լսվում: Ծննդկան հարևանուհիս կանգ առավ, ձեռքով հպվեց թեւիս և…ինձ մեկնեց երեխային. Լեզուն էլ հասկանայի, չէի կարող գլխի ընկնել, թե ինչ էր ուզածը, որովհետեւ այնպես էր շշնջում, որ հազիվ շրթունքներն էին շարժվում: Իրավիճակը փրկեց բժշկուհին. տեսնելով կնոջն ու երեխային իմ անկողնու մոտ, ասաց, որ եթե դեմ չեմ, կերակրեմ նաեւ նրա փոքրիկին, քանի որ մայրը խնդիրներ ունի և մի քանի օր ի վիճակի չի լինելու:

Տարիների ընթացքում հաճախ եմ մտաբերում այդ օրը. Արդյո՞ք կարող էի ենթադրել, թե կերակրում եմ գուցե այն մարդու երեխային, որի` ընդամենը երեք տարի հետո արձակած գրադի արկից հրետակոծվեց մեր տունը, այն թշնամու զավակին, որի գնդակի զոհն են դարձել տասնյակ դասընկերներս, ում զինակիցների բարբարոսության պատճառով զոհվեցին հայրենի գյուղիս խաղաղ քնած հովիվները: Գուցե հենց նրանց տանն է գերի պահվում խնձորեսկցի Գարիկը:

Երեւի չէի կարող կռահել, որովհետեւ այդ պահին այնքան խեղճացած էր նա, այնքան անօգնական: Հիմա այնպես եմ կարծում, թե նախորդ օրվա նրա պահվածքը չէր պատճառը, որ մեղավոր հայացքով էր աղերսում: Արդյոք, դավն արդեն հյուսվում էր:

Մի քանի օր անց նրան դուրս գրեցին: Այդ ընթացքում մենք ոչ մի բառ չփոխանակեցինք: Ոչ միայն այն պատճառով, որ միմյանց լեզու չէինք հասկանում, երկուսս էլ, ասես պաշտպանվում էինք միմյանցից: Միմյանց ներկայությունը զգում էինք միայն այն ժամանակ, երբ պիտի կերակրեի երեխային: Անգամ կնոջ անունը չհարցրի, բայց նորածինին Ֆաթմա էր անվանել, բուժքրոջից իմացա: Գնալուց հետո նկատեցի, որ բարձիս տակ կապույտ ծաղիկներով մի գլխաշոր էր դրել: Շնորհակալության, թե մեղքի համար էր նվիրել, չգիտեմ, բայց, նույն այդ գլխաշորը ծվեն-ծվեն եղավ, երբ ազերիները հրետակոծեցին մեր տունը…

«Վայ, մամա ջան» ականջներիս մեջ շարունակում են հնչել մայրացող թուրք կնոջ ձայնը, որի արձագանքները չմարեցին անգամ գլխաշորի քրքրված ծաղիկների հետ:

http://www.armtown.com/news/am/htq/20130217/23439/