«Ջուղա» ֆիլմը դիտում են անգամ ադրբեջանցիները

Չորս ամիս առաջ YouTube –ում տեղադրված «Ջուղա» ֆիլմը մեկ շաբաթ հետո ունեցել է 4000-ից ավելի դիտում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
«2006 թ-ին նկարահանված 20 րոպե տևողությամբ «Ջուղա» ֆիլմը YouTube –ում տեղադրվել է հայերեն և անգլերեն, մի քանի օր հետո ունեցել ենք 380 դիտում հայերենով և համարյա նույնքան՝ անգլերենով: Ֆիլմը դիտել են անգամ Աֆրիկայից, իսկ ամենակարևորը՝ այն դիտում են ադրբեջանցիները»,-նշեց ճարտարապետը:

Ֆիլմը հայկական հուշարձանների ցեղասպանության մասին է, որն անվանում են ոչ միայն մշակութային, այլ նաև քաղաքական: 2007 թ-ին ֆիլմը ցուցադրվել է Ազգային ժողովում, որին ներկա է եղել Ստրասբուրգից ժամանած 16 հոգանոց մի պատվիրակություն: «Պատվիրակության անդամները ֆիլմը դիտելուց հետո ադրբեջանցիներին համարեցին բարբարոսներ »,-ասաց Սամվել Կարապետյանը: Խոսելով հուշարձանների պահպանման մասին՝ ճարտարապետը նշեց, որ այդ առումով մենք պետք է օրինակ վերցնենք մեր հարևան Իրանից, որտեղ նպատակաուղղված աշխատանք է տարվում հուշարձանների պահպանության ուղղությամբ: Նշենք, որ 2007 թ-ին «Ջուղա» ֆիլմը ստացել է նախագահի հատուկ մրցանակ: Մոտ ժամանակներս ծրագրված է նկարահանել «Հովվի եկեղեցին» և «Արաբկիրի վերջին հացը» ֆիլմերը:

PanARMENIAN.Net