Հերոսապատում. Պարույր Սևակը՝ Զորավար Անդրանիկի մասին

«Իմ սերունդը Անդրանիկի մասին շատ քիչ բան գիտե, չասելու համար՝ համարյա բան չգիտի։ Սրա համար կարելի էր ամոթից գետինը մտնել, որովհետև Անդրանիկի մասին բան չիմանալը հավասար է իր ժողովրդի նորագույն պատմությանը անգետ լինելուն։ Բայց ամոթից գետին պիտի մտնենք ոչ թե մենք, որ մի ամբողջ սերունդ ենք, այլ նրանք, որոնց վզին է ընկնում մեր այս անգիտության պատրելի, բայց անքավելի մեղքը…

Եվ թվում է, թե հասել է ժամանակը, որպեսզի այսօր մեկ լվանանք մեր ամոթանքը, այս է հատկապես մեր սերնդի մարդկանց աոաջին ճիչը:

Մեր քույրերն ու եղբայրները (այս բառերի համազգային առումով) Սևանի կորցրած ջրից ավելի արյուն են կորցրել, մարտիրոսության ու նահատակության սրախիճ ճամփաներով ոտաբոբիկ են անցել ոչ նրա համար, որ նրանց սուրբ արյունը փոխարկվի ինքնապահովագրության պղտոր ջրի և քաջաբար զոհված նրանց կյանքը կոխկրտվի մտավախության ցեխի մեջ:

Այլևս բավակա՜ն է։

էլ հերի՜ք է:

Ժամանակն է, վերջապես, դադարեցնելու այն գիտակցված հավկուրությունը, որ հավասար է ոչ միայն ազգային դավաճանության, այլև վատթարագույն անբարոյականության, որովհետև երբ հերոսության ուրացումը յուրատեսակ դավաճանություն է, ապա մեծ մեռելների հիշատակի պղծումը զազրելի անբարոյականություն է…

Ես անհարմար եմ զգում, ուղղակի ամաչում եմ մեծարանքի որևէ խոսք ասել Անդրանիկի հիշատակին: Այս մեծ ու սուրբ քաջի հանդեպ բոլորովին անպարտ ու անմեղ՝ ես չգիտեմ ինչու այս րոպեիս ինձ անձամբ պարտավոր ու մեղավոր եմ զգում այնքան, որ մեծարանքի ամեն խոսք ինձ թվում է սեփական հանցագործությունից հետո ուրիշի բերանով «մեղա» ասելու պես բան։

Բայց պիտի որ ասվի այդ «մեղան» և ասվի ոչ թե խոսքով, այլ գործով, ոչ թե ասած լինելով ձեռքերը լվանալու պիղատոսությամբ, այլ գործնականորեն ու հետևողականորեն մեր նորագույն պատմության բոլոր աղավաղումները շտկելով, բոլոր սևացումները սրբագրելով, որ հավասար է մեր կերած հացից ավազը ջոկելուն…

Ով՝ ով, բայց Անդրանիկը իրավունք չունի հանգչելու (և չի էլ կարողանա հանգչել) ոչ իր հայրենի հողում։

Այս «իրավունքը» պիտի խլվի Անդրանիկից։ Միակ իրավունքը։ Իսկ Անդրանիկի մնացած անչակերտավոր իրավունքները վերականգնեցնելու հապաղումն այլևս անհանդուրժելի է, եթե չենք կամենում, որ Պատմությունը Դատավարություն լինելուց բացի՝ դառնա նաև Դատախազ՝ մեզնից ավագ և մեզ հետևող սերունդների հանդեպ…»

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

30 հունիս, 1963, Երևան

http://aysor.am/am/news/2013/02/25/andranik-ozanyan/