Հայ նշանավոր կատակերգակներ

 

ԱՎԵՏ ԱՎԵՏՅԱՆ

Ծնվել է 1897 թվականի նոյեմբերի 12-ին, Թիֆլիսում: Հայ սովետական դերասան: Ժողովրդական արտիստը սովորել է Ներսիսյան դպրոցում: Նախքան բանակ մեկնելը (1916) մանուֆակտուրայի խանութում աշխատել է իբրև աշակերտ և գործակատար, մոտիկից շփվել առևտրական միջավայրի ներկայացուցիչների

հետ, որոնց տարիներ անց պիտի ներկայացներ բեմում:Բանակից զորացրվելուց հետո (1918) Բաքվում մասնակցել է Հ. Աբելյանի թատերախմբի ներկայացումներին: Բեմական մկրտությունը եղել է Ոսկանի (Շիրվազադեի “Չար ոգի”, 1918) դերակատարումը: 1919-ին խաղացել է Թիֆլիսի հայոց դրամատիկական խմբում, 1920-21-ին՝ Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) թատրոնում՝ Ամո Խարազյանի խմբում: 1922-ից հաստատվել է Սունդուկյանի անվան թատրոնում:

Ե՛վ հայ դրամատուրգիայի կերպարների անսովոր առատությունը Ա. Ավետյանի խաղացանկում, և՛ ազգային յուրահատուկ խաղաոճը նրան դարձնում են ազգային խոշոր դերասան: Նրա Զամբախովը և Սաղաթելը հայ թատրոնի պատմության մեջ մնում են իբրև չգերազանցված անձնավորումներ:

Ոչ ոք այդպես վարպետորեն չի կերտել սեփականատիրական աշխարհի հերոսներին, ինչպես նա: Նույնպիսի ցայտուն ընդգծումներով, բայց համակրանք հարուցող անսքող հումորով նա անձնավորել է ժողովրդի ծոցից ելած պարզամիտ ու սրտաբաց մարդկանց:

ԹԱԴԵՎՈՍ ՍԱՐՅԱՆ

Ծնվել է 1903 թվականի ապրիլի 28-ին, Երևանում:
Հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ, մանկավարժ, ժողովրդական արտիստը իր գործունեությունը սկսել է Գյումրիի (Լենինականի) թատրոնում: Կրթությունը շարունակել է Մոսկվայի դրամատիկական թատրոնի ստուդիայում, որն այն ժամանակ ղեկավարում էր հայ նշանավոր բեմադրիչ Ռուբեն Սիմոնովը:Խաղացել է բազմաթիվ դերեր (“Պաղտասար աղբար”, “Մեծապատիվ մուրացկաններ”, “Ատամնաբույժն արևելյան”): 1932-37թ.թ. եղել է Բաքվի հայկական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը: 1938-ին Երևանում էր, Սունդուկյանի թատրոնում:Երևանի Կոմեդիայի թատրոնի հիմնադիրներից է: Նրան հանընդհանուր ճանաչում են բերել կատակերգություններում խաղացած դերերը: Նկարահանվել է նաև կինոյում (լավագույն դերը` “Տերն ու ծառան”): Զբաղվել է նաև դասախոսական աշխատանքով:
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԽԱՉԱՆՅԱՆ

Ծնվել է 1894 թվականի փետրվարի 1(13)-ին Տրապիզոնում, վախճանվել 1944 թվականի հունիսի 30-ին:Հայ դերասան, ՀՍՍՀ վաստակավոր արտիստ: Կրթությունը ստացել է Եկատերինոդարի ռուսական դպրոցում, այնուհետև Սիմֆերոպոլում ավարտել մասնավոր կինոստուդիա:

1922-ից աշխատել է Սունդուկյանի անվան թատրոնում, հայ կինոմատոգրաֆիայի հիմնադիրներից է: Նկարահանվել է Հայկինոյում: Լավագույն դերերը կերտել է “Դոն Ժուան”, “Կամակոր կնոջ սանձահարումը”, “Վինձոյի զվարճալի կանայք” ներկայացումներում:

Հիացել ենք նրա Դարչոյով (“Պեպո”), Բադալով (“Նամուս”), Կիկոսով (“Կիկոս”), Նազարով (“Քաջ Նազար”): Նկարահանվել է նաև համր կինոկոմեդիաներում:

ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

Հայաստանի, չէ՛, աշխարհի թիվ 1 արտիստն էր նա: Նա արտիստ էր ամենուրեք, անընդհատ, կենցաղային ամեն իրավիճակից մինչև մեծ բեմ ու մեծ կինո: Իբրև կատակերգակ դերասան՝ նրա կողքին կարելի է թվարկել մի քանիսին միայն, իսկ նրանից առաջ՝ և ոչ մեկին: Նա անձնական կյանք չունեցավ: Նրա ողջ կյանքը դեռ մանկությունից նվիրված էր արվեստին:Կենսագրական փաստերն այստեղ ավելորդ են: Նշենք թերևս միայն այն, որ ծնվել է Գյումրիում հուլիսի 4-ին…
Անմահները ծննդյան և մահվան տարեթվեր չեն ունենում: Խաղացած դերերը թվարկելը փոքր ծավալի մեջ անհնար է. դրանք բոլորն էլ, մեծ թե փոքր, ընդմիշտ մնացել են հանդիսատեսի հիշողության մեջ: Կոչումնե՞րը: Հայաստանի, Վրաստանի, ԽՍՀՄ ժողովրդական դերասան էր, արժանացել էր թվարկված երկրների պետական մրցանակներին, բայց ամենամեծ կոչումը նրան փաղաքշորեն նվիրել էր ժողովուրդը՝ մեր Ֆրունզիկը: Պարզ ու մնայուն:Հիշատա՞կը: Իր իսկ հիմնած արտիստական թատրոնը, որ իր անունն է կրում, Գյումրիում իր անունով փողոց… Սակայն ինչո՞ւ թվարկել, պարզապես լեգենդ, որպիսին դարձել էր դեռևս կենդանության օրոք, լեգենդար և ընդմիշտ անզուգական:
ԿԱՐՊ ԽԱՉՎԱՆՔՅԱՆ

Նրա համար տեղին է շեքսպիրյան բնութագրականը. “Մարդ էր, Հորացիո, ամեն բանով, էլ չեմ տեսնի նրա նմանին”…
Արտիստ էր՝ կատարյալ, նրա դեպքում ասել, թե ուներ ձայն և երաժշտական էր, գեղեցիկ էր՝ դեմքով ու կազմվածքով, ուներ դիմախաղ ու շարժ, կերպավորման մեծ վարպետ էր, նյութի տիրապետման ու մեկնաբանման ինքնատիպ գիտակ էր և այլն, և այլն, թվում է ոչինչ չասել Կարպ դերասանի, երգիծաբանի, մտավորականի, մեծ արվեստաբանի մասին…Նա Կարպ Խաչվանքյանն էր, մարդ – թատրոն, մարդ – ծիծաղ, որին հանդիսատեսը սիրում էր այնպես, ինչպես, թվում է, չի կարող սիրել մեկ ուրիշին: “Կարպը մեզ համար անակնկալ է, անսպասելի գյուտ” , – ասողը Վարպետն է՝ Ավետիք Իսահակյանը: “Շատ տաղանդավոր դերասան է Կարպ Խաչվանքյանը:Նա իր հերոսներին այնպիսի “շապիկ է հագցնում”, որ նրանք դառնում են անշփոթելի և ավելի սիրելի”, – սա նորին մեծություն Վահրամ Փափազյանի կարծիքն է: “Կարպ Խաչվանքյանը օժտված էր դերասանի վառ ու գունեղ տաղանդով և բենգալյան ճրագների պես հրավառություն հիշեցնող վերակերպավորման վարպետությամբ”, – այսպես նկատել է մեծն Գոհար Գասպարյանը: Սակայն ինչու թվարկել: Նման բնութագրականներ, պակաս կամ ավելի գեղեցիկ ձևակերպումներով, կարելի է քաղել յուրաքանչյուր հանդիսատեսի սրտից, ով երբևէ տեսել է նրան բեմում, էկրանին:Իբրև վիճակագրություն ասենք, որ Կ. Խաչվանքյանը (ծնվել է 1923թ. հունվարի 23-ին Թբիլիսիում) իր բեմական գործունեությունը սկսել է “Վրացֆիլմ” կինոդերասանական ստուդիայում (1939-1944թթ. կերտել է 11 կերպար), ապա տեղափոխվել է Երևան, “Հայֆիլմ” կինոստուդիայում կերտել 4 դեր, (սկսած 1949-ից), հեռուստաթատրոնում ունեցել 10 դերակատարում (1959-ից սկսած), մասնակցել 22 ռադիոբեմադրության, իսկ հիմնականում հանդես է եկել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Այստեղ 1944-1996թ.թ. ընթացքում խաղացել է շուրջ 100 դեր (մեծ մասը՝ գլխավոր), բեմադրել ավելի քան 10 ներկայացում: Եւ ամեն անգամ “բեմ բերել այն, ինչ ի ծնե իր էությունն է՝ ժպիտ ու խնդություն, որի մեծագույն պարգեւը դահլիճում պոռթկացող քրքիջն ու ծիծաղն է, հանդիսատեսի խանդավառ ծափահարությունը” (Ռուբեն Զարյան):

ԱՐՄԵՆ ԽՈՍՏԻԿՅԱՆ

Թատրոնի, կինոյի, էստրադայի սիրված դերասան Արմեն Խոստիկյանը ծնվել է 1929թ. մայիսի 22-ին, Երևանում: Ավարտել է մայրաքաղաքի թիվ 30 դպրոցը, ապա ընդունվել բժշկական ինստիտուտ, սակայն մեկ տարի անց հրաժարվել է բժշկի մասնագիտությունից և ընդունվել իր նախասիրած՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (Արմեն Գուլակյանի դասարան):Ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի է անցել Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, որին և հավատարիմ մնաց մինչև իր կյանքի վերջը: Ա. Խոստիկյանը խաղացել է բազմաթիվ դրամատիկ դերեր, սակայն ժողովուրդը նրան ընդունեց և սիրեց իբրև կատակերգակ դերասանի: Իսկ կինոյում նրա խաղացած առաջին իսկ դերերը` “Ոսկե ցլիկում”՝ հորթապահ, “Նվագախմբի տղաներում”՝ Մասխարա Զավեն, այնքան սիրելի եղան հանդիսատեսի համար, որ այդ կերպարների արտահայտությունները դարձան թևավոր խոսքեր:

Փոխադարձ սիրով կապված լինելով հանդիսատեսի հետ` մեծ բարեխղճությամբ ընդառաջ էր գնում իր հայրենակիցներին, և Հայաստանում չկա մի գյուղ կամ դպրոց, որտեղ նա խաղացած կամ հանդիպման մասնակցած չլինի: Թատրոնում, կինոյում, հեռուստաթատրոնում և էստրադայում շուրջ 50 տարի եղավ ինքնատիպ կատակերգակ և ընդմիշտ մնաց հայ թատերարվեստի պատմության մեջ:

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Ծնվել է 1935 թ. մարտի 15-ին:
Կրկեսի, էստրադայի և կինոյի արտիստ, մնջկատակ ու ծաղրածու: Ավարտել է Մոսկվայի էստրադային արվեստի պետական ուսումնարանը: Աշխատել է հայկական կրկեսում, իր ողջ տաղանդը նվիրաբերել հայ հանդիսատեսին: Պրահայում կայացած ծաղրածուների մրցույթում շահել է 1-ին մրցանակ:1971-ին ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոն (“Աստղային անձրև”, “Ծաղրածուի տարօրինակությունները” ներկայացումները): Խոհափիլիսոփայական երանգավորումներ ունեն նրա ստեղծագործությունները՝ “Սիրտը ափի մեջ”, “Բռնցքամարտ”, “Ջութակ”, “Օլիմպիական մեդալներ” և այլ շատ ու շատ մանրապատումներ: Նկարահանվել է “Ճանապարհ դեպի կրկես”, “Մոռացված նախնիների ստվերները”, “Մանեժում պատանեկությունն է” և այլ կինոնկարներում, որոնցով այսօր էլ հայ հեռուստադիտողը հիանում է ու հպարտանում:Հպարտանում, որ այս փոքրիկ մարմնով հանճարը մեր ժողովրդի մի մասնիկն էր, որ ծիծաղ էր սփռում աշխարհով մեկ, իր հոգում գուցե ունենալով մեծ տիրություն:

 

 

 

http://humor.am/kat2.php