Հայոց լեզու

Հայերենը աշխարհի հին լեզուներից է։ Դարերի ընթացքում նրանով ստեղծվել և ստեղծվում են մշակութային ու գիտական արժեքներ, որոնք կարևոր են ոչ միայն հայ ժողովրդի, այլև համաշխարհային պատմամշակութային ժառանգության համար։ Հայերեն տարբեր բնագրերի միջոցով են պահպանվել անցյալին վերաբերող շատ տեղեկություններ, որոնք վերաբերում են ինչպես հայ, այնպես էլ այլ ժողովուրդների մշակույթին ու պատմությանը։
Լեզուն հասարակական կարևոր իրողություն է, որն ունի հաղորդման, արտահայտման, ճանաչողական գործառույթներ։ Գիտնականները միշտ էլ ուսումնասիրել են լեզուն, բացահայտել նրա տարբեր հատկանիշները։ Պատմական տարբեր շրջաններում լեզուն տարբեր մոտեցումներով է ուսումնասիրվել։ Հնում լեզուներն ուսումնասիրում էին առանձին-առանձին՝ իրենց կառուցվածքային տարբեր հատկանիշներով։ Սակայն ուսումնասիրությունների ընթացքում ի վերջո պարզ դարձավ, որ տարբեր լեզուների միջև կան մի շարք նմանություններ, և 19-րդ դարի սկզբին Եվրոպայում ձևավորվեց համեմատական լեզվաբանության տեսությունը։
Գիտնականներն ապացուցեցին, որ նախկին քիչ թվով լեզուներից հետագայում առաջացել են նորերը։ Այս հիմունքով առանձնացվեցին մայր լեզուները և նրանց ճյուղավորումները։ Մայր լեզուն իր ճյուղավորումներով կազմում է լեզվաընտանիք, օրինակ՝ հնդեվրոպական, իբերակովկասյան, ֆիննաուգրական և այլն։
19-րդ դարում, երբ դեռ նոր էր հիմնադրվել համեմատական լեզվաբանությունը, եվրոպացի շատ լեզվաբաններ (Հ. Պետերման, Ֆ. Վինդիշման, Ֆ. Բոպպ, Ֆ.Մյուլլեր և այլք) հայերենը համարեցին հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանական ճյուղի լեզու։ 1875թ. լույս տեսավ գերմանացի նշանավոր լեզվաբան Հայնրիխ Հյուբշմանի «Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների մեջ» հոդվածը, որով նա ապացուցում էր, որ հայերենը, թեև մտնում է հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ, սակայն առանձին ճյուղ է և սերում է հենց մայր լեզվից։
Կենդանի լեզուները հասարակական կյանքի զարգացմանը զուգընթաց զարգանում ու փոփոխվում են։ Ուսումնասիրողները լեզուների զարգացման ընթացքը սովորաբար բաժանում են փուլերի։ 5-րդ դարից, այսինքն՝ այբուբենի ստեղծումից հետո հայերենն անցել է զարգացման երեք շրջան՝ գրաբար (5-11-րդ դդ.), միջին հայերեն (12-16-րդ դդ.) և աշխարհաբար (17-րդ դ. մինչև մեր օրերը)։
Աշխարհաբարն իր զարգացման ընթացքում երկփեղկվեց, և այսօր կա երկու գրական լեզու՝ արևելահայերեն և արևմտահայերեն։ Թե՛ արևելահայերենով, թե՛ արևմտահայերենով ստեղծվել ու ստեղծվում են գեղարվեստական բարձրարժեք ստեղծագործություններ, հրատարակվել ու հրատարակվում են լրագրեր ու ամսագրեր։ Արևելահայերենն ու արևմտահայերենը իրարից տարբերվում են հնչյունական, բառային և քերականական որոշ հատկանիշներով։ Մասնավորապես բաղաձայնական համակարգի արտասանության մեջ արևմտահայերենում տեղի է ունենում որոշ խուլերի ձայնեղացում (պ, կ, տ, ծ, ճ հնչյուններն արտասանվում են բ, գ, դ, ձ, ջ) և ձայնեղների շնչեղ խլացում (բ, գ, դ, ձ, ջ հնչյուններն արտասանվում են փ, ք, թ, ց, չ)1, արևմտահայերենը չունի ներգոյական հոլով, բացառականը
արևելահայերենում կազմվում է –ից վերջավորությամբ (օրինակ՝ քաղաքից), իսկ արևմտահայերենում՝ -է վերջավորությամբ (օրինակ՝ քաղաքէ), սահմանական եղանակի ներկան արևմտահայերենում կազմվում է կը- մասնիկով (օրինակ՝ արևմտահայերենի կգրեմ-ը համապատասխանում է արևելահայերենի գրում եմ բայաձևին)։ Արևմտահայերենում գործածվում է մը անորոշ հոդը՝ մարդ մը։
Գրական լեզվին զուգահեռ գոյություն են ունեցել և ունեն բարբառներ: Հայերենի բարբառները, ըստ Հրաչյա Աճառյանի դասակարգման, բաժանվում են կը, ում, ել ճյուղերի, նայած թե որ բարբառում սահմանական եղանակի ներկան ինչ մասնիկով է կազմվում։
Լեզուն մարդկության հաղորդակցման հիմնական և գլխավոր միջոցն է։ Մարդն իր մտքերը ձևավորում ու արտահայտում է բառերի ու նրանցով կազմվող նախադասությունների միջոցով։ Ուստի լեզուն ընդգրկուն, բարդ ու բազմակողմանի երևույթ է, և քննվում է ըստ բաղադրամասերի՝ մակարդակների։ Երբ ուսումնասիրում ենք լեզուն, պարզ է դառնում, որ այն կազմված է տարբեր միավորներից։ Օրինակ՝ ամենապարզ մոտեցմամբ «Երեխան նկարեց» նախադասությունը կարող ենք բաժանել«երեխան», «նկարեց» բառերի։ Այդ բառերն էլ կարող ենք բաժանել հնչյունների՝ «Ե-ր-ե-խ-ա-ն ն-կ-ա-ր-ե-ց»։ Լեզուն ուսումնասիրելիս` անդրադառնում ենք լեզվական տարբեր մակարդակների միավորներին։ Ըստ դրա էլ առանձնացվում են տարբեր բաժիններ՝ հնչյունաբանություն, բառագիտություն և քերականություն, որն ունի երկու մեծ ենթաբաժին՝ ձևաբանություն և շարահյուսություն։
Հնչյունաբանության մեջ ուսումնասիրվում են լեզվի հնչյունները, դրանց արտասանության և գրության հատկանիշները, փոփոխության առանձնահատկությունները, վանկը, շեշտը և այլն։Բառագիտության մեջ ուսումնասիրվում են լեզվի բառերը, դրանց կազմության (պարզ, բարդ և այլն), ձևաիմաստային (հոմանիշ, հականիշ, համանուն,
հարանուն) հատկանիշները և այլն։
Ձևաբանությաննն մեջ ուսումնասիրվում են խոսքի մասերն ու նրանց քերականական հատկանիշները (հոլովում, խոնարհում, հոգնակի թվի կազմություն և այլն)։
Շարահյուսության մեջ ուսումնասիրվում են բառերի ու նախադասությունների կապակցման միջոցներն ու եղանակները, կապակցական տարբեր հարաբերությունները, բառակապակցության ու նախադասության անդամների պաշտոնները։

1 Այն բաղաձայնները, որոնց արտասանության ժամանակ գերակշռում է ձայնը, կոչվում են ձայնորդ (լ, ր, ռ,
յ, մ, ն)։ Այն բաղաձայնները, որոնց արտասանության ժամանակ գերակշռում է աղմուկը, կոչվում են ձայնեղ
(բ, գ, դ, ձ, ջ, վ, զ, ժ, ղ)։ Այն բաղաձայնները, որոնք ձևավորվում են միայն աղմուկի միջոցով, կոչվում են
խուլ (պ, տ, կ, ծ, ճ, փ, թ, ք, ց, չ, ֆ, ս, շ, խ, հ)։ Խուլ բաղաձայններից փ, թ, ք, ց, չ հնչյուններն ար-
տասանվում են ուժեղ շնչով և կոչվում են շնչեղ խուլեր։ Մնացած խուլերը կոչվում են պարզ խուլեր։