Այսօր Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է

Անդրանիկ Օզանյան կամ Զորավար Անդրանիկը ծնվել է 1965թ.-ի փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ 1892 թ-ին անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը, որից հեռացել է 1917 թ-ին: Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց 1 տարի անց բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։

Բանտից հաջող փախուստ իրականացնելով՝ Անդրանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, բայց շուտով վերադառնում է Արևմտյան Հայաստան, իսկ հետո էլ ուղևորվում է Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու համար։ Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901 թ. Առաքելոց վանքի կռիվները։

Առաջին Աշխարհամարտը սկսվելուն պես Անդրանիկը շտապում է Կովկաս։ 1914 թ. օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպում է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն ու հայտնում է Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։ Անդրանիկին հանձնարարվում է ձևավորել և գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը։ Այդ գնդին գլուխ կանգնած՝ Անդրանիկը անհավասար մարտեր է մղում թուրքական զորքերի դեմ ու հեղինակություն է նվաճում ռուսական ռազմական հրամանատարության շրջանում:

1915-1916 թթ. Կովկասյան ճակատի մարտերում ցուցաբերած անձնական արիության և հայկական գնդի հաջողությունների համար Սասունցի Անդրանիկը պարգևատրվեց Գեորգիևյան 4-րդ աստիճանի մեդալով, Գեորգիևյան 4-րդ և 3-րդ աստիճանի խաչերով, Սբ. Ստանիսլավի 2-րդ աստիճանի սրի և Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշաններով։ Գունդը Անդրանիկի գլխավորությամբ քաջաբար մասնակցեց Մուղանջուղի (Դիլման) տակ մղված մարտին՝ 1915 թ. ապրիլի 15-18-ին, որում Կովկասը փրկվեց թշնամու ներխուժումից։

1918 թ. հունվարի 30-ին թուրքական զորքերը, Մեհմեդ Վեհիբ փաշայի հրամանատարությամբ, Էրզրումի, Վանի և Մերձծովյան ուղղություններով անցան մեծամասշտաբ գործողությունների. հունվարի 30-ին նրանք գրավեցին Երզնկան, փետրվարի 11-ին՝ Տրապիզոնը, ապրիլի 14-ին առանց կռվի մտան Բաթում և սկսեցին շարժվել դեպի Սուխում։ Ապրիլի 25-ին ընկավ Կարսը, մայիսի 15-ին՝ Ալեքսանդրապոլը։

Անդրանիկը մահացել է 1927 թ. օգոստոսի 30/31-ին, Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից (ԱՄՆ) և սեպտեմբերին թաղվեց Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թ. հունվարին նրա աճյունը փոխադրվեց Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց (2000) այն տեղափոխվեց Հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն։ Անդրանիկի անունով են կոչվում հրապարակներ, փողոցներ, դպրոցներ, նրա պատվին տեղադրված են արձաններ և հուշատախտակներ աշխարհի մի շարք երկրներում (Հայաստան, Բուլղարիա, Ֆրանսիա, Ռումինիա)։ Նրան են նվիրված մեծ թվով ժողովրդական ստեղծագործություններ, գրքեր և հոդվածներ տարբեր լեզուներով։

http://aysor.am/am/news/2013/02/25/andranik-ozanyan1/