Այսօր ավագ ուրբաթ է. Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, թաղման հիշատակության օրն է

Այսօր ավագ ուրբաթ է. Հայ առաքելական եկեղեցու արարողությունները հիշեցնում են մեղքերում կորած աշխարհի համար Աստվածորդու ինքնակամ մահվան մասին: Խաչելություն, մահ, թաղում. այս իրադարձությունների հիշատակը եկեղեցում դալար ծաղիկներից պատրաստված պսակ-գերեզմանով է նշվում, քանի որ Քրիստոսը մահվամբ հաղթել է մահվանը: Չարչարանքներով աներկբա ընթանալով մինչև անարգալից մահ խաչի վրա՝ նա հավերժական կյանքի հնարավորություն է տվել մարդկությանը, հոգևոր մահվանից փրկություն՝ ողջ աշխարհին:

Ավագ ուրբաթ օրվա արարողությունները հիշեցնում են, որ Քրիստոսի մահն այն իրողությունն է, որի առջև նվիրումի և ինքնազոհության բոլոր պատճառահետևանքային փաստարկները սին են դառնում. եթե ամենազոր Աստված իր կյանքն է տվել մեղավոր մարդկանց համար՝  չկշռելով նրանց արժանի կամ անարժան լինելը, ապա մարդը, մեկին բարեսրտորեն օգնելիս երբեք չպիտի մտածի, թե արդյոք նա արժանի է իր տվածին: Իր մահվամբ Քրիստոսը վերարժևորել է մահը, որ հեթանոս աշխարհում ամենասարսափելի իրողությունն էր համարվում, տվել նոր կյանքի հեռանկար աշխարհին, ուր անդրշիրիմյան կյանքն այդ ժամանակ պատկերվում էր մռայլ ու սարսափելի գույներով: Կանխատեսելով իր մահը՝ նա միշտ ընդգծել է, որ դա ժամանակավոր է լինելու, և հաջորդիվ ինքը հարություն է առնելու, և հավաստել, որ մահը դուռ է երկու կյանքի միջև, ծնունդ՝ աստվածային ներկայությամբ հավիտենական երանելի կյանքի:

Ավետարանիչները պատմում են, որ Քրիստոսի մահվան պահին խավարել է արեգակը, և ցերեկը մթնել է անլույս գիշերվա նման, նաև պատռվել է Տաճարի խորանի վարագույրը՝ որպես նշան, որ երկրի համար բացվել է երկինքը: Մարդկության համար սա նոր չափում էր, հոգևորի անմիջական ներկայության հնարավորություն երկրային կյանքում: Տարբեր ժամանակներում հատուկենտ մարդիկ՝ սրբերը, կարողացան հասնել ապրելու այս որակին՝ հրաշագործություններով ու զորեղ խոսքով դրսևորելով աստվածային անմիջական ներկայությունն իրենց անձի մեջ:

Ավագ ուրբաթ իշխանավորների թույլատրությամբ Քրիստոսի մարմինն իջեցվել է խաչափայտից ու անմիջապես էլ թաղվել քարայրում, քանի որ շաբաթ օրը հրեաներին արգելվում էր որևէ բան անել:

Սակայն նույնիսկ թաղված՝ Քրիստոսն ահաբեկում էր հրեա հոգևորականներին, ովքեր ամեն կերպ հրաժարվում էին ընդունել, որ իրականացել է մարգարեությունը, և խոստացված Մեսիան ոչ թե հրեաների քաղաքական խնդիրները լուծող ռազմավար ու թագավոր էր, այլ՝ ողջ աշխարհի փրկության համար իր կյանքը տված Աստված: Հիշելով, որ Քրիստոսը խոսում էր երրորդ օրը հարություն առնելու մասին՝ նրանք պահակներ են կարգում քարայրի մոտ, որի մուտքը փակված էր հսկայական քարով: Տեսնելով Քրիստոսի բազում հրաշքները, լսելով նրա վերերկրային խոսքը, ականատես լինելով, որ իրականանում են նրա բոլոր ասածները՝ քահանայապետերը ճշմարտության ձայնը խլացնելու խղճուկ փորձ էին անում՝ քարայրի դռան, գուցե և իրենց հավատի դռանը դրված մեծ ու ծանր քարին պահակներ կարգելով:

Ավագ ուրբաթի՝ Քրիստոսի մահվան հիշատակն անբաժան է հավիտենական կյանքի ու հարության պատկերներից: Հայ մարդը հազարամյակներով գերեզմանին ծաղկած խաչով քար՝ խաչքար է դրել՝ մահը ներհյուսելով հարությանը:

Կարմեն Մարտիրոսյան

ՈՒրբաթ, 29 մարտ, 2013 | Սիվիլնեթ