Աղոթքով և օրհնությամբ` Տաճատ աբեղա Ծատուրյան Լեհահայոց Հոգևոր Հովիվ

Սիրելի՛ հայորդիներ,
Սուրբ Ծննդյան տոնակատարություններն ավարտվեցին:
Որպես լեհահայոց հոգևոր հովիվ` հունվարի 6-ից մինչև 15-ը Հայ Առաքելական Եկեղեցու ծեսով Սուրբ Ծննդյան Պատարագ մատուցեցինք և Ջրօրհնեքի կարգ կատարեցինք Լեհաստանի տասը հայաշատ քաղաքներում` Վարշավայում, Լոձում, Շչեչինում, Գդանսկում, Պուլավիում, Պլոցկում, Կրակովում, Կիելցեում, Կատովիցեում և Պոզնանում:
Ուրախությամբ պիտի արձանագրենք, որ հունվարի 9-ին` Սուրբ Պատարագի ավարտին, Գդանսկի հայկական դպրոցում ներկա գտնվեցինք դպրոցի սաների կազմակերպած միջոցառմանը` նվիրված Սուրբ Ծննդյան տոնին, որի համար Մեր հայրական օրհնությունն ենք բերել և բերում դպրոցի ուսուցչուհիներին, ինչպես նաև սաներին ու նրանց ծնողներին:
«Փա՜ռք Քեզ, Աստվա՛ծ, փա՜ռք Քեզ, ամեն ինչի համար, Տե՛ր, փա՜ռք Քեզ»:
Փառք ենք տալիս Աստծուն, որ անցած տասն օրերին Լեհաստանի վերոհիշյալ քաղաքների եկեղեցիները լեցուն էին բազմաթիվ հայ հավատացյալներով, որ եկել էին` մեկ լեզվով` հայերենով, միասնաբար աղոթելու և մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրհնությամբ լցվելու և Սուրբ Մյուռոնով օրհնված ջուր իրենց հետ տուն տանելու:
Սուրբ Մյուռոնը, սիրելինե՛ր, այն Սուրբ Յուղն է, որ օրհնվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, յոթ տարին մեկ անգամ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծննդավայրում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, և միայն ու միայն բաշխվում է համայն աշխարհի Հայ Առաքելական Եկեղեցու թեմերին: Հարկ ենք համարում ընդգծել, որ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականներից բացի Սուրբ Էջմիածնից որևէ այլ եկեղեցու հոգևորականի Սուրբ Մյուռոն չի տրվում:
Ահա, հենց այդ Սուրբ Մյուռոնով է, որ այստեղ` Լեհաստանի տասը հայաշատ քաղաքներում, ջուրն օրհնեցինք ու բաժանեցինք մեր հավատացյալներին, որպեսզի այն հավատքով խմողները հոգու և մարմնի առողջություն ընդունեն Աստծուց:
Այսօր և հանապազ աղոթում ենք, որպեսզի Աստված Լեհաստանում բնակվող մեր ժողովրդի սրտի, հոգու և մտքի մեջ մշտապես արթուն ու ծաղկուն պահի հավատքն ու գիտակցությունը, որպեսզի երբեք մեր ազգը չխոտորվի ու չհեռանա իր հոգևոր Հայրենիքից` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց, և, իհարկե, իր մարմնավոր Հայրենիքից` իրեն հզոր գեն ու փորձառու կյանք պարգևող Հայոց լեռնաշխարհից:
Թող որ աստվածային օրհնությամբ սկսվի և ավարտվի Լեհաստանում բնակվող ամեն մի հայի օրը, և թող Աստված խաղաղ և անփորձանք պահի ու պահպանի Լեհաստանում բնակվող մեր ժողովրդին:

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ:
Ձեզ եւ մեզ մեծ աւետիս:

Աղոթքով և օրհնությամբ`
Տաճատ աբեղա Ծատուրյան
Լեհահայոց Հոգևոր Հովիվ